Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է միջազգային հետախուզում հայտարարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդների նկատմամբ, երբ հայտնի է դարձել Սերգեյ Բաղապշի Թուրքիայի կատարելիք այցի մասին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Միայն նման միջոցն է, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Պաատա Դավիթայայի կարծիքով, կանխարգելու «անջատողականների միջազգային կապերի ընդլայնումը»:
Դավիթայայի խոսքով, Բաղապշի այցն արտերկիր անթույլատրելի է, «քանի դեռ Աբխազիայում շարունակվում են վրացիների էթնիկական զտումները»:
Ի դեպ, ինչպես նշում է «Կոմերսանտ» թերթը, Աբխազիայի նախագահի Անկարա կատարելիք այցի վերաբերյալ «Թուրքիայի դիրքորոշման ճշտման համար» վրացական ԱԳՆ է հրավիրվել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանը:
Հասունացող սկանդալը կարող է լրջորեն բարդացնել հարաբերությունները Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ, սակայն հեռանկարում Աբխազիայի միջազգային ճանաչման վրա դժվար թե անդրադառնա:




























