Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին թող իր եւ իր երկրի տարածքային ամբողջականության գործերով զբաղվի, այլ ոչ թե խառնվի ուրիշի գործերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգմամբ, իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ հաշվի առնելով Բաքվի շահերը։
«Սահակաշվիլին ավելի լավ է հարգի Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները, որպեսզի նրանց միջեւ տարաձայնություններ չծագեն»,- նշել է Թորոսյանը՝ ավելացնելով, որ ղարաբաղյան հիմնահարցը լուծվել է դեռեւս 1991թ.-ին, երբ ԼՂ-ն ինքնորոշվեց համազգային հանրաքվեի միջոցով։ «Այնպես որ, թող Սահակաշվիլին չփորձի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի քողի տակ բերրի հող ստեղծել սեփական տարածքային խնդիրների լուծման համար»,- հայտարարել է պատգամավորը։
«Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը եւ Թուրքիան իրենց հարաբերությունները կարգավորելիս պետք է հաշվի առնեն Բաքվի շահերը, կարող եմ փաստել, որ Թբիլիսին շահագրգռված չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ այդ դեպքում Վրաստանը կկորցնի Հայաստանի վրա ունեցած տրանզիտային վերահսկողությունը»,- հայտարարել է Թորոսյանը։




























