Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին այցելել է Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամաս: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ երկրամասի վարչապետի, խորհրդարանի նախագահի, Մագդեբուրգի քաղաքապետի, ինչպես նաեւ երկրամասի ՆԳՆ եւ Մագդեբուրգի Ոստիկանական ակադեմիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զաքսեն-Անհալթի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի իշխանություններին՝ Հայաստանի հետ մշակութային եւ կրթական ոլորտներում արդյունավետ համագործակցությանն ուղղված աջակցության համար: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են մշակել հստակ առաջարկներ՝ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Զաքսեն-Անհալթ երկրամասի եւ ՀՀ մարզերից մեկի, ինչպես նաեւ տվյալ երկրամասի եւ ՀՀ առանձին քաղաքների միջեւ ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունները:

Դեսպան Մարտիրոսյանը հանդիպել է նաեւ Զաքսեն-Անհալթ երկրամասի խորհրդարանի նախագահ պարոն Շտայնեկե Դիթերի, Մագդեբուրգի քաղաքապետ Քոխ Ռյուդիգերի հետ։