Վերջին տարիներին, առավելապես Արեւմուտքից, հայ հասարակություն մուտք են գործել Նոր տարին նշելու, միմյանց նվերներ մատուցելու հետ կապված մի շարք նոր սովորույթներ, դրանց թվում՝ հատուկ այդ գործով զբաղվող գործակալություններից Ձմեռ պապիկներ եւ Ձյունանուշներ պատվիրելու գեղեցիկ, բայց, պարզվում է, բավականին ծախսատար սովորույթը։
Պարզվում է, բավականին ծախսատար սովորույթ է… NEWS.am-ի թղթակիցն այս եզրակացությանը եկավ՝ զրուցելով վերոնշյալ մի քանի գործակալությունների տնօրենների հետ, ովքեր տեղեկացրին, որ իրենց գործակալությունները պատվերներ սկսել են ստանալ դեռեւս նոյեմբերի վերջերից, իսկ պատվերներն իրականացվում են արդեն դեկտեմբերի 10-ից։ Տնօրենների հետ զրույցից պարզ դարձավ, որ կախված նրանից, թե որ օրը եւ հատկապես որ ժամին են մարդիկ ցանկանում իրենց տանը տեսնել Ձմեռ պապիկին եւ Ձյունանուշին, նրանց այցերի գներն ըստ այդմ աճում կամ նվազում են։ Այսպես, Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի այցը դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 12։00-ից 04։00-ն ընկած հատվածում, տարբեր գործակալություններում տատանվում է 50-ից 80 հազար դրամի սահմաններում։ Կախված նրանից, թե Ձմեռ Պապն այցելում է միայնակ՝ առանց Ձյունանուշի , այցի արժեքը համապատասխանաբար նվազում է 10-20 հազար դրամի չափով։ Այցի արժեքը մեծապես պայմանավորում են նաեւ մի շարք այլ գործոններ՝ ի՞նչ նվեր է ուզելու երեխան Ձմեռ պապից, որքա՞ն հեռու է պատվիրատուի բնակարանը գործակալությունից եւ որքա՞ն բենզին է, ասենք, հարկավոր այնտեղ հասնելու համար կամ՝ քանի՞ րոպե պետք է մնա Ձմեռ պապն այնտեղ առհասարակ։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ դրանից հետո պատվերների գները համապատասխանաբար իջնում են՝ տատանվելով 20-40 հազար դրամի սահմաններում։
Իսկ ընդհանրապես, գործակալությունների տնօրենների հավաստմամբ, անցած տարվա համեմատ պատվերները խիստ նվազել են. Պատճառը՝ նրանց խոսքով, իհարկե, ճգնաժամն է, ինչը, սակայն, չի ստիպել իրենց նվազեցնել առաջարկվող ծառայությունների գները։ «Որոշ զեղչեր, մանավանդ կորպորատիվ պատվիրատուների համար, ճիշտ է, անում ենք, սակայն մարդիկ մեծամասամբ պատրաստ են վճարել սահմանված գինը. մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք դա անում են առանց դժգոհելու»,- տեղեկացրեց գործակալություններից մեկի տնօրենը։




























