«Անցնող տարին Հայաստանի ներքաղաքական կյանքում նշանավորվեց երկու իրադարձություններով՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններով եւ այն արձագանքով, որ հասարակությունը ցուցաբերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հանդեպ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ ամփոփելով անցնող տարին։
Նկատելով, որ չնայած 2009-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները հեռու էին արդար եւ թափանցիկ լինելուց, Բ. Նավասարդյանն, այնուամենայնիվ, տեսակետ հայտնեց, որ դրանք, որպես համամասնական ընտրակարգով իրականացված ընտրություններ, արդեն իսկ քայլ առաջ էին երկրում ժողովրդավարացման հաստատման ճանապարհին։
Անդրադառնալով հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացի հանդեպ ներքաղաքական արձագանքներին՝ Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը նկատեց, որ 2009-ին, «գուցե առաջին անգամ 90-անների վերջերից հետո», ականատես եղանք այս հարցի շուրջ քաղաքական տարբեր ճամբարների լուրջ եւ սկզբունքային հակադրություններին, որոնք, անկախ ամեն ինչից, նպաստավոր են քաղաքական մտքի եւ համակարգի զարգացման համար։
Ի պատասխան գալիք տարվա կանխատեսումների՝ Բ. Նավասարդյանը հույս հայտնեց, որ արդեն 2010թ. Հայաստանն իր վրա կզգա ԵՄ կողմից նախաձեռնված «Արեւելյան գործընկերություն» ծրագրի առաջին արդյունքները։ «Անկախ նրանից, թե 2010-ին այդ ծրագրի շրջանակներում կարվե՞ն գործնական քայլեր ԵՄ եւ Հայաստանի միջեւ, մի բան հաստատ է. այն իր ազդեցությունը կթողնի մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա»,- եզրափակեց նա։




























