«Հայաստանի ազգային անվտանգության հիմքը պետք է լինի արտաքին քաղաքականությունը»,-դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք 2010 թվականին նույնպես, 2009-ի նման, ներքաղաքական գործընթացները պայմանավորված են լինելու արտաքին զարգացումներով: Դ. Շահնազարյանի խոսքով, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ ինչ որ ժամանակ հայ-թուրքական խնդիրներն ու Ղարաբաղի հարցը կարգավորվել են, միեւնույնն է արտաքին քաղաքականությունը շարունակելու է Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչը լինել: «Արտաքին քաղաքական հարցերը միշտ կարեւոր տեղ են գրավելու Հայաստանի կյանքում, բայց այն պետք է հենված լինի ներքին քաղաքականության վրա: Ինչպես ամերիկացիներն են ասում. „Չկան արտաքին հարցեր, բոլոր հարցերն էլ ներքին են“: Եթե երկրի ներսում կա օրենքի իշխանություն, ժողովրդավարություն, ապա պետությունը վարում է ժողովրդի շահերից բխող արտաքին քաղաքականություն: իսկ հիմա վարվում է ռեժիմի պահպանման քաղաքականություն»,- ասաց նա:

Այնուհետեւ կրկին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա նշեց, որ դրանք կարգավորվելու են, սակայն դա լինելու է ոչ այս արձանագրությունների հիման վրա եւ ոչ այս իշխանության օրոք: Նոր արձանագրություններ են լինելու: «Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը կբարձրացնի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կհայտարարի, որ դադարեցնում է թշնամական հարաբերությունները ՀՀ նկատմամբ, իսկ սահմանների փակումը դա թշնամական գործողություն է»,- ասաց նա ու հավելեց, թե շատ սխալ էր, որ այդ հարաբերությունները սկսվեցին միջնորդավորված ձեւով, քանի որ դա հակամարտության տրամաբանություն է: