Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին հրամայել է վերականգնել Ազգային ժողովը, որը ցրվել էր հունիսին` Գերագույն սահմանադրական դատարանի որոշմամբ: Նախագահի օգնական Յասիր Ալին Facebook-ի իր էջում հայտնել է, որ ներկայիս Ազգային ժողովի կազմը կկատարի իր պարտականությունները մինչեւ նոր ընտրութունների անցկացումը: Նրանք պետք է տեղի ունենան երկրի նոր սահմանադրության հաստատումից հետո 60 օրվա ընթացքում:
Ըստ վերլուծաբանների` դա սպառնում է երկրում իրավիճակի անկայունացմամբ, քանի որ խորհրդարանի ցրման նախաձեռնողը եղել է Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը:
Մուհամեդ Մուրսիի այդ սադրիչ քայլը կհարուցի ԱՄՆ-ի զայրույթը: Առավել եւս, որ հուլիսի 9-ին նրան փոխանցել էին նախագահ Բարաք Օբամայի` սեպտեմբերին Վաշինգթոն այցելելու պաշտոնական հրավերը, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը գիշերն արտակարգ նիստ է գումարել, որպեսզի քննարկի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրահանգը:



























