Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը մտադիր է շվեյցարացի փորձագետների հրավիրել Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառները կրկնակի ստուգելու համար: Այդ մասին հայտարարել է պաղեստինյան ղեկավարության ներկայացուցիչը, հաղորդում է «Վեստի FM»-ը:
Նշենք, որ ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը սեփական հետաքննություն էր անցկացրել եւ հայտնել, որ Արաֆաթին, ամենայն հավանականությամբ, թունավորել են պոլոնիումով: Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները լրագրողական հետաքննության շրջանակներում հետազոտել են Արաֆաթի տարբեր իրեր: Նրանք հայտնաբերել են, որ հագուստի մեջ պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութի քանակություն է եղել, ինչն էլ կարող էր դառնալ Արաֆաթի մահվան պատճառ: Այդ կապակցությամբ նրա կինն իշխանություններից խնդրել էր ամուսնու դիակի արտաշիրմում իրականացնել:
Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Աբբասը համաձայնվել է արտաշիրմում իրականացնել:




























