Ջավախքահայությունն ամեն օր վրացական իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական, կրոնական և սոցիալ-տնտեսական հողի վրա խտրական վերաբերմունքի: Այս մասին ասված է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հիմնադիր հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նշել են, որ «Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից:

- Հայության ներքին հանրային-քաղաքական և վարչական կյանքը կառավարվում և ուղղորդվում է Վրաստանի ուժային կառույցների և հատուկ ծառայությունների կողմից:

- Օրենքով ամրագրված է վրացերենի պարտադիր կիրառումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարություն, վարչարարություն, կրթական համակարգ և այլն):

- Վարչական, կրթական և այլ պետական մարմիններում պաշտոնների նշանակումը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում:

- Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ:

- Վրացական իշխանությունները հետևողականորեն իրականացնում են հայկական բնակավայրերի և տեղանունների անվանափոխում:

- Հայ-վրացական պետական սահմանի անցակետերում վրաց սահմանապահների կողմից արհեստական խոչընդոտներ են հարուցվում հայալեզու մամուլ և գրականություն, անգամ կենցաղային իրեր փոխադրելուն»:

Խորհուրը հիշեցնում է նաեւ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի հետ կատարվածը, որին 10 տարվա ազատազրկման են դատապարտել քաղաքական դրդապատճառներով:
«Ջավախքահայության առջև ծառացած խնդիրները, մեծամասամբ վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության նկատմամբ հետևողականորեն իրականացվող խտրական քաղաքականության արդյունք են»,- նշում են հայտարարության հեղինակները եւ հավելում, որ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ Միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը, ազդարարում ենք Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ստեղծման մասին: