Համաշխարհային կինեմատոգրաֆիայի աստղ, 79-ամյա բրիտանացի դերասան Փիթեր Օ’Թուլն այսօր` հուլիսի 11-ին հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին:

«Ինձ համար եկել է հրաժարական տալու` կինոյից եւ թատրոնից հեռանալու ժամանակը: Ես այլեւս արիություն չունեմ դրա համար, ես այլեւս չեմ վերադառնա»,-ասել է դերասանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օ’Թուլը նշել է, որ թեեւ «Օսկարի» արձանիկների չի արժանացել, սակայն ստացել է «հասարակության աջակցությունը, էմոցիոնալ բավարարվածություն եւ նյութական բարեկեցություն»:

«Դերասանի մասնագիտությունն ինձ հնարավորություն է տվել ծանոթանալ բարի մարդկանց, լավ ընկերների հետ, ում հետ ես կիսել եմ բոլոր դերասանների ճակատագիրը` վերելքներ եւ վայրէջքներ»,-ասել է նա, հավելելով, որ ամեն մեկն ինքն է որոշում, երբ արժի հեռանալ:

«Ես իմ մասնագիտությունից հեռանում եմ առանց արցունքների եւ հանդիսատեսին հրաժեշտ եմ տալիս երախտագիտությամբ»,-իր հայտարարությանն այս խոսքով է ավարտել Օ’Թուլը:

Նշենք, որ Օ’Թուլը «Լոուրենս Արաբացի» ֆիլմի գլխավոր դերակատարն է: