«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել` կապված հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած ժողովրդավարական արժեքներին եւ սահմանած նպատակներին, այդ թվում` հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, մեծապես կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք  նախագահական ընտրությունների դերը:

Ազատ եւ թափանցիկ ընտրությունները ժողովրդական իշխանության իրականացման հիմնական միջոցը լինելուց բացի, ապահովում են պետության առաջընթաց զարգացումը եւ նրանում ժողովրդավարական արժեքների հաստատումն ու պահպանումը:

Ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը առավել բախտորոշ է հատկապես միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար, որը նաեւ դրանով միջազգային հանրությանը պետք է ցույց տա ոչ միայն իր ցանկությունը, այլեւ իր ներուժն ու համամարդկային արժեհամակարգին ինտեգրվելուն եւ ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ զբաղեցնելուն ուղղված իր ջանքերը:

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել նրան, որ բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնք տարիներ շարունակ գոյություն ունեն հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, Արցախում բացակայում են, դրանով իսկ ապահովելով նրա ուրույն տեղը տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ դեռեւս միջազգայնորեն չճանաչված պետությանը հաջողվել է անել այն, ինչին հետխորհրդային մի շարք պետություններ դեռ ձգտում են: Միաժամանակ պետք է փաստել, որ առկա խնդիրների օրակարգը դեռ սպառված չէ եւ շատ անելիքներ կան: Մենք լիահույս ենք, որ ԼՂՀ նախագահը՝ սահմանադրորերն լինելով ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը, կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, ինչն էլ կարեւորագույն ներդրում կլինի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում՝ բարձրացնելով ԼՂՀ միջազգային վարկանիշը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բացառելով որեւէ միջամտություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներքին գործերին, վստահ է, որ Արցախի հերոսական ժողովրդին եւ նախագահին կհաջողվի հաղթահարել այս բախտորոշ մարտահրավերը եւ հաղթանակած դուրս գալ այս գործընթացից»: