Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 11-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հայտարարել է, որ կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում հիմնավորվել է:
Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ոստիկանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այդ հոդվածներով նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Թեեւ կողմերն ակնկալում էին, որ մեղադրողն այսօր պետք է պատիժ առաջարկեր Տիգրան Առաքելյանի, նաեւ գործով անցնող Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի համար, սակայն մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը այսօրվա դատական նիստում 4 ժամից ավելի տեւած նկարագրական ելույթից հետո անսպասելիորեն հայտարարել է, որ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ի վիճակի չէ շարունակել ճառը, եւ դատավորը նրան մի քանի օր ժամանակ է տվել:
Մեղադրողը հայտարարել է, որ հաստատվել է ի սկզբանե քրգործի հիմքում դրված «առանց դնչկալի շան» վարկածը: Ըստ այդ վարկածի, օգոստոսի 9-ին մի քաղաքացի առանց դնչկալի մեծ շուն է ման տվել ու երբ ոստիկանները մոտեցել են եւ ասել, որ չի կարելի նման մարդաշատ վայրում մեծ շանն առանց դնչկալի ման տալ, շատ տերը ներողություն է խնդրել եւ հեռացել, որից հետո Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանն են մոտեցել եւ սկսել վիրավորել ոստիկաններին:
«Ոստիկանները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը շարունակել են վիրավորական արտահայտություններ, տվել հայհոյանքներ, գործադրել նրանց կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով ճանկռվածքի ձեւով մարմնական վնասվածք: Իսկ Արտակ Կարապետյանը քաշել-պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը», - հայտարարել է մեղադրողը:
Հետո, ըստ մեղադրողի, ոստիկանները տեսնելով, որ իրավիճակը թեժանում է, երիտասարդներին բերման են ենթարկել, որի ժամանակ տղաները դիմադրել են, իսկ Տիգրան Առաքելյանը գլխով հարվածել է ոստիկանին դեմքին, պատճառելով «թեթեւ վնասվածք` առողջության կարճատեւ քայքայումով»:
Այնուհետեւ, ըստ մեղադրողի, երիտասարդներն ագրեսիվ վարքը շարունակել են ոստիկանության բաժանմունքում:
Իսկ ահա ՀԱկ ակտիվիստները չեն ընդունում մեղադրանքը նշելով, որ ոչ մի շուն էլ չեն տեսել: Ըստ նրանց, ոստիկանները «ռազբորկա» են արեն երկու երիտասարդների հետ եւ ստիպել նրանց դատարկել գրպանները, եւ իրենք օգնության են հասնել այդ երիտասարդներին, ինչից էլ սկսվել է միջադեպը:
Ինչ վերաբերում է ոստիկանի քիթը կոտրելու մասին Տիգրան Առաքելյանին հասցեագրվող մեղադրանքին, պաշտպանական կողմի պնդմամբ, Առաքելյանը գլխով կտրուկ գլխի շարժում է արել այն ժամանակ, երբ ոստիկանը նրան հետեւից բռնել է եւ թեւերով սեղմել է պարանոցը, այսինքն ակտիվիստն ընդամենը ցանկացել է այդ շարժումով ազատել պարանոցը:
Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 6 ակտիվիստներ ոստիկանություն բերման էին ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այնուհետեւ ակտիվիստներից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է միայն Տ. Առաքելյանը:
Քրեական գործով անցնում են ՀԱԿ ակտիվիստներից 4-ը` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ Դավիթ Քիրամիջյանը: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
ՀԱԿ ակտիվիստի կալանավորումը հիմք հանդիսացավ, որ ՀԱԿ-ը առկախի երկխոսությունը իշխանությունների հետ:



























