Սարդարապատ հուշահամալիրում այսօր` հուլիսի 11-ին, ժամը 18.00-ին մեկնարկած տոլմայի փառատոնը քիչ առաջ ավարտվել է: Փառատոնի շրջանակններում անցկացված մրցույթի շրջանակներում լավագույն տոլմա պատրաստող է ընտրվել «Կոնգրես» հյուրանոցի խոհարարը: Իսկ «Լավագույն համ ու հոտ» անվանակարգում հաղթել է «Արվասար» ռեստորանի թիմը, «Լավագույն մտահղացումը»` 6-րդ ուսումնարանը, «Լավագույն տեսքը»` «Այնթապ» ռեստորանը:
Միջոցառմանը ներկա էր Արմավիրի մարզպետը, մշակույթի, արվեստի գործիչներ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ, ներկայացուցիչներ: Մրցանակակիրներին տվել են հուշամեդալներ եւ պատվոգրեր: Տոլմայի փառատոնին ներկա էր մոտ 4000 հազար մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարդարապատ հուշահամալիրում հուլիսի 11-ին ժամը 18.00-ին կանցկացվի տոլմայի փառատոն: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը նշել էր, որ փառատոնի ժամանակ 18- 20 տաղավարներ կներկայացնեն իրենց պատրաստած տոլմայի տեսակները:
Տոլմա կպատրաստեն խոհարարաներ, անհատներ եւ այլք, ամեն տաղավար կներկայացնի 3-4 հոգի: Փառատոնի ընթացքում կանցկացվի մրցույթ,կլինի ժյուրի, որը կորոշի լավագույն տոլմա պատրաստողին: Նրան կտրվի կավե գավաթ: Դրանից բացի նախատեսված է նաեւ երեք անվանակարգ` «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն տեսք»:
Նման փառատոն կազմակերպելու նպատակը Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելն է, ինչպես նաեւ հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է եւ հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաեւ տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
Սեդրակ Մամուլյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր լուրեր են տարածում, թե տոլման թուրքական ուտեստ է, հենց իրենց արյան մեջ կան թուրքական տարրեր, իսկ տոլման մաքուր է մնացել: «Տոլման ամբողջությամբ հայկական եւ միայն հայկական կերակրատեսակ է»,- ասաց նա:
Ի դեպ, տոլմա բառը տոլի արմատից է, որը նշանակում է խաղողի վազ: Իսկ ավանդական տոլման եղել է գառի մսով եւ խաղողի թփով: Հետեւաբար, Սեդրակ Մամուլյանի խոսքով, եթե տոլման պատրաստվել է խաղողից, իսկ հայ ժողովուրդը ապրել է խաղողի տարածքներում, ապա ինչպես կարող է այն պատկանել ուրիշ ազգի:



























