«Ես ընդհանրապես դեմ եմ, որ ամեն ինչ դնեն սեղանին եւ ուտեն»,- մամուլի ասուլիսում խոստովանել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Պետք է փորձել քիչ ուտել, որովհետեւ ստամոքսը մարդու ամենաբութ օրգանն է, եւ նրանից տեղեկատվությունն ուղեղին շատ դանդաղ է հասնում, տեղեկացրեց նախարարը: Ընդ որում, Արամ Հարությունյանը խոստովանեց, որ նախարար նշանակվելուց հետո 7 կգ նիհարել է: Հարցին, թե որքան է մտադիր ծախսել ամանորյա սեղանի վրա, Հարությունյանը պատասխանեց. «Նման հարցերով դիմեք իմ կնոջը, ես, անկեղծ, տեղյակ չեմ»: Նախարարն Ամանորը մտադիր է դիմավորել Երեւանում, իսկ Ձմեռ պապից Արամ Հարությունյանը մաքուր օդ ու շատ ծառեր է ուզում: Իսկ անձնական տեսանկյունից նախարարը դժվարացավ երազանք պահել, քանի որ այնքան է զբաղված պետական գործերով, որ սեփական թանկագին անձը մոռացել է: