Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողության ընթացքում ներկաներին իր ցավակցական խոսքն է ուղղել Վեհափառ Հայրապետը: «Խորը վշտով են համակված մեր հոգիները: Թեհրան-Երեւան օդանավի չարաբաստիկ աղետը մարդկային շատ կյանքեր խլեց: Ցավ է մեզ, որ բազմաթիվ մարդկանց երկրավոր կյանքի ընթացքը ավարտվեց ողբերգական իրադարձությամբ: Ասյպիսի դժվարին պահերին եւս մենք մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված, ինչպես ասում է սաղմոսերգուն. „Զնեղութիւն եւ զանձկութիւն գտի եւ զանուն Տեառն կարդացի“: Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մխիթարի մեզ ցավի եւ տրտմության մեջ, զորակից լինի` հաղթահարելու անդառնալի կորստի կսկիծը»,- նշել է Նորին Սրբությունն իր խոսքում:
Հայոց Հայրապետը նաեւ իր ցավակցությունն ու սրտակցությունն է հայտնել զոհվածների բոլոր հարազատներին, Իրանի եւ Վրաստանի իշխանություններին ու ժողովուրդներին` աղոթելով, որ Տերը խաղաղության մեջ հանգստություն եւ երանություն պարգեւի հանգուցյալների հոգիներին եւ Սուրբ Հոգու շնորհներով մխիթարի եւ սփոփի սգակիր բոլոր սրտերը:
Հոգեհանգստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Մայր Աթոռի միաբաններ, զոհվածների հարազատներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էր 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























