Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ քրեական հետապնդումը քաղաքական է եւ միտված նրանց սաստելուն, որ զերծ մնան իրենց դիրքորոշումը հայտնելուց:
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի մեղադրական ճառին:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:
«Եթե անգամ մեղադրողը հիմնավոր է համարում ակտիվիստներին առաջադրված մեղադրանքը, նույիսկ այդ պարագայում նման պատժաչափը չափազանց խիստ է Տիգրան Առաքելյանի, նաեւ մյուսների մասով»,- նշեց փաստաբանը: Հարցին, թե որքանով էր հիմնավորված դատախազի պահանջը, Ոսկանյանը նշեց. «Ամբողջ մեղադրանքը կառուցված է տուժող ճանաչված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` նախաքննական եւ դատաքննական: Թեեւ հակասություններ կան երկու փուլերում տրված ցուցմունքների միջեւ:
Իսկ մնացած անձանց ցուցմունքները շինծու ցուցմունքներ են, հարմարեցված են գործի նյութերին: Ընդհանուր առմամբ ապացույցները արհեստական են»,- ասաց փաստաբանը:
Հարցին, թե որն է պատճառը, որ ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Ստեփան Ոսկանյանը պատասխանեց. «Միջադեպից հետո տեղի ուննեցծ բոլոր զարգացումները նպատակ են հետապնդում նրանց նկատմամբ սաստիչ միջոցներ ձեռնարկել, որ հետագայում զերծ մնան իրենց դիրքորոշումները արտահայտելուց կամ բողոքի ձայնը բարձրացնելուց»: Փաստաբանը նաեւ նշեց, թե այս գործում քաղաքական ենթատեքստ կա:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հուլիսի 14-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19–ին, երբ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները ներկայացնելու են պաշտպանական ճառերը:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, նրանց դաժան ծեծի էին ենթարկել, ապա գործ հարուցել: Ավելի ուշ վեց երիտասարդի ազատ էին արձակել, իսկ առողջական խնդիրներ ունեցող Առաքելյանին պահել կալանքի տակ:



























