«Մինչեւ քիվեստյան բանակցությունները, լրիվ հասկանալի էր, որ միայն Հայաստանն է բանակցում եւ Ղարաբաղը բանակցություններում չկա, որովհետեւ բանակցության հիմքն այն էր, որ եթե պայմանագիր ստորագրվեր, Ղարաբաղն անմիջապես պիտի միանար Հայաստանին»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ու հավելեց. «Եթե Ղարաբաղը պետք է Հայաստանին միանա, ապա պարզ է, որ պետք է Հայաստանը բանակցի»: Սակայն, Քի-Վեսթից հետո, ըստ նրա, երբ փորձ էր արվում նորից վերսկսել բանակցությունները, ադ պահին պետք է ԼՂՀ ներկայությունը բանակցություններում ապահովվեր, չնայած «այդ պահին այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ եթե Հայատանը պնդեր այդ հարցում, հնարավոր է, որ բանակցություններ չսկսվեին»:

Այդուհանդերձ, ըստ դաշնակցական գործչի, քանի որ մինչ այդ եղած բոլոր խոսակցությունները չեղյալ էին համարվելու, ուրեմն Հայաստանը պետք է ընդհանրապես չբանակցեր եւ բանակցություններն ընթանային Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ:

NEWS.am-ի հարցին, թե ե՞րբ եւ ո՞ր նախագահի օրոք ԼՂ-ն դուրս մղվեց բանակցություններից, Կ. Մանոյանը պպատասխանեց. «Դուրս մղվեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը սկսեցին բանակցել» Այսինքն 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, դա ճիշտ եք համարում եւ կարծում եք, որ սխալն սկսվեց միայն Քի-Վեսթից հետո՞, դիտարկմանն էլ արձագանքեց. «Այո, մինչեւ 2001-02 թվականներին նորմալ էր, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, որովհետեւ նպատակը Ղարաբաղը Հայաստանին միացնելն էր»: Մեր մյուս հարցին, թե միգուցե դա ծուղա՞կ էր, որպեսզի Ղարաբաղը դուրս մղվի բանակցություններից եւ ինքնորոշման հարցը դառնա տարածքային վեճ, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Գուցե, բայց տրամաբանություն կար, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին»: