Տեխնիկական վերազինման արդյունքում «Զվարթնոց» մաքսատանը այժմ ավելի քան 50 տոկոսով արագացվել է ուղեւորների սպասարկման գործընթացը, իսկ շնորհիվ ավելացած ժապավենների, այժմ մաքսավորները միանգամից 6 կետից են հետեւում գործընթացին, ընդ որում, ուղեւորից աննկատ` տեղադրված հատուկ տեխնիկայի` «Ռապիսկան» տեսակի զննող ներսադիտակների եւ սարքավորումների միջոցով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից:
Վերջերս ձեռք է բերվել եւս 7 համակարգիչներ, ընդլայնվել են «կանաչ«,«ՙկարմիր» ուղիները: Մաքսատանը նաեւ բանկային մասնաճյուղ է բացվել, ինչը հնարավորություն է տալիս սահմանված չափը գերազանցող ուղեբեռի դեպքում, ի տարբերություն նախկին կարգի, ձեւակերպումները նույն պահին իրականացնել` առանց մաքսատնից դուրս գալու՚: ՊԵԿ-ի հավաստմամբ` ուղեւորային սրահում ներդրված մաքսային ձեւակերպումներին առնչվող նորամուծությունները գործում են նաեւ ուղեւորների բարձրակարգ սպասարկման սրահում: «Ուղեւորների հետ շփման ընթացքում մաքսավորը պետք է դրսեւորի բացառապես բարեհամբույր եւ բարեկիրթ վերաբերմունք: Այդ խնդիրը գտնվում է իմ անմիջական ու հետեւողական հսկողության ներքո: Չէ որ Հայաստան եկող յուրաքանչյուր այցելու կամ զբոսաշրջիկ առաջին տպավորությունը հենց այստեղից է ստանում»,-վստահեցրել է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:
Նրանց փոխանցմամբ` մաքսատան բեռնափոխադրումների սրահում, մանավանդ ամառային շրջանում, նորագույն այդ տեխնիկայի կիրառմամբ ավելի են հեշտացվում բեռների ընդունումը, մշակումն ու պահպանումը: Ի դեպ, փչացող ապրանքը քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են ի պահ հանձնել ժամանակակից սառնարանում: Բեռնահամալիրում նաեւ շուրջօրյա հերթապահություն է սահմանված բոլոր ծառայությունների կողմից: Մաքսատան պետի տեղակալ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ, օդանավակայանում տեսանելի վայրում տեղադրված մոնիթորներից` պարբերաբար հեռարձակվող տեսահոլովակի միջոցով ուղեւորներին նաեւ տեղեկացվում է, թե ինչպես եւ որտեղ պետք է հայտարարագրվի բեռը:
Այսպիսով, «Զվարթնոց» մաքսատանն իրականացված բարեփոխումների շնորհիվ դյուրացվել է ձեւակերպումների գործընթացը, բարձրացվել մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ` չթուլացնելով հսկողությունը:


























