Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, այսօր` հուլիսի 17-ին, հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի պետական հաստատությունների կողմից ՀՀ-ին ցուցաբերվող տարաբնույթ աջակցության համար,  կարեւորել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով  քաղաքական, տնտեսական, գիտակրթական, միջտարածաշրջանային եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, սակայն, շփումերը հատկապես միջխորհրդարանական մակարդակում այնքան էլ ակտիվ չեն, համագործակցության ներուժն օգտագործված չէ ամբողջությամբ: Կարեւորվել է Հայաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` խնդիրը միայն խաղաղ  բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու ջանքերի համար: Նրա խոսքով` առանց կայունության հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել:

Արտակ Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում:

Զրուցակիցները խոսել են նաեւ կրթամշակութային, ուսանողների փոխանակման եւ լեզվի ուսուցման ծրագրերի մասին` նորերի մեկնարկին աջակցելու պատրաստակամությամբ: