Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունել է Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին:
Ողջունելով կանադացի պատգամավորների այցը Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Կանադան բարեկամ երկիր է, եւ թեեւ Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի ներկայացուցիչների, նա երախտագիտություն է հայտնել Կանադային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորել է նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մեկնող կանադացի պատգամավորների այցն Արցախի ժողովրդի համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Կանադան է, հետաքրքրված է ԼՂ-ում ժողովրդավարության ընդլայնմամբ:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմության համար` կանադացի հյուրերը շեշտել են, որ թեեւ իրենց այցին շատերը, մասնավորապես` ադրբեջանցիներ, դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց խոսքով` Կանադան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում բոլոր այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացման ճանապարհ է անցնում: Ինչպես նկատել են կանադացի խորհրդարանականները, Կանադայում ապրող շուրջ 100 հազար հայերը շատ ակտիվ են. հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:
Կանադայի համայնքների պալատի անդամները խոսել են Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից, ինչին ի պատասխան` պարոն Շարմազանովը նշել է, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակով հարաբերություններով: Շարմազանովը նկատել է, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը եւս վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարեւորության մասին:
Կանադացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, եւ ներկայացրել են իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի կողմից: Վերջինս նշեց, որ փայլուն գաղափար է՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու ամբողջ հայությունը կողջունեն այն, քանի որ դա առարկայական օրինակ է, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:



























