Վրաստանը Եվրամիությունում գրանցել է «Գինու բնօրրան» բրենդը, տեղեկացնում է GHN գործակալությունը: Եվրոպայի ներքին շուկայի հարմոնիզացիայի գործակալությունն (OHIM, զբաղվում է ապրանքային նշանների գրանցմամբ) արդեն իսկ տրամադրել է համապատասխան թույլտվությունը: Սա նշանակում է, որ Վրաստանը բացառիկ իրավունքներ է ձեռք բերում եվրոպական շուկա դուրս բերել գինիներ` «Վրաստան- գինու բնօրրան» գրությամբ, ինչպես նաեւ` արգելել ցանկացած այլ ընկերության օգտագործել այդ անվանումն առանց թույլտվության:

Նշենք, որ գինու բնօրրան համարվելու հավակնություն ունի նաեւ Հայաստանը: Վերջերս Վայոց Ձորի Արենի քարանձավում հայտնաբերվել է 6 հազ. տարվա հնության գինեգործական շինություն, որը համարվում է հնագույններից մեկը: Այս հայտնագործությունից հետո գինու առաջացման պատմությունը պետք է սրբագրվի, սակայն բիզնեսի ոլորտում վրացիներն ակնհայտորեն առաջ են ընկել:

Իսկ ըստ լեգենդի, մարդկությունը բացահայտեց գինու համը եւ զգաց դրա ազդեցությունն այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ եւ հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Դրանից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց եւ դրա պտուղներից գինի ստացավ: Նոյը նաեւ առաջին մարդն է, ով արբել է գինուց: