«ՀՅԴ կողմից Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը մնում է, քանի որ այն հնարավորություն կտա երկրի նախագահին փոխել արտաքին քաղաքականությունը»,- այսօր նման տեսակետով հանդես եկավ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ եք պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, երբ բոլորին է հայտնի, որ մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմքում դրվել են դեռեւս 2007 թվականի աշնանը, երբ ԱԳ նախարարն Օսկանյանն էր, իսկ ՀՅԴ-ն էլ կոալիցիայի անդամ էր, Կ. Մանոյանը, նախ նկատեց, որ Նալբանդյանի հրաժարականի պահանջը միայն մադրիդյան սկզբունքները չեն, այլ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ոչ բարենպաստ զարգացումները:
«Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը մադրիդյան սկզբունքների համար պատասխանատու են այնքանով, որքանով դրանք որպես բանակցությունների հիմք են համարվել եւ ոչ թե պարտադրվել է: Իրենց ժամանակ դրանք չեն պարտադրվել: Իսկ այսօր երեք համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն՝ իր դրական մասով հանդերձ, նաեւ մտահոգություն է աառաջացնում, քանի որ դա ճնշման ձեւ է: Այդ ճնշումը Քոչարյանի իշխանության ժամանակ չէր եղել եւ կարելի է ենթադրել, որ այն ժամանակ դիվանագիտությունն այդքան չէր ձախողվել»,- նշեց նա ու հավելեց. «Բայց այն, որ մադրիդյան սկզբունքները մեջտեղ բերվեցին նրանց օրոք, դրանով նրանք պատասխանատու են: Նույնքանով էլ մենք ենք պատասխանատու, քանի որ կոալիցայի անդամ ենք եղել, բայց մեկ բան է սկզբունքները միջնորդների կողմից մեջտեղ բերելը, մեկ այլ բան է, երբ պարտադրում են, որ պետք է անպայման համաձայնվես այդ սկզբունքներին»:



















