Թերթը զրուցել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ.

Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ է այսօր կատարվում Սիրիայում: Տեղի ունեցողը կարելի՞ է համարել քաղաքացիական պատերազմ:

Սիրիայում այսօր զինված հակամարտություն է կառավարական ու ընդդիմադիր ուժերի միջեւ: Կարող ենք արձանագրել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող ուժերն այսօր անընդհատ արտաքին օգնություն ու օժանդակություն են ստանում: Նրանց մատակարարում են եւ զենք ու զինամթերք, եւ մեծ ծավալի ֆինանսական միջոցներ:

Արդեն հավաստի տվյալներ կան, որ Սիրիա են թափանցել վարձկանների մարտական խմբեր, որոնք ռազմական գործողությունների մեծ փորձ են կուտակել Լիբիայում ու աֆրիկյան մյուս երկրներում, որտեղ նախորդ տարիներին «հեղափոխական» զարգացումներ կատարվեցին:

Մարտական գործողություններ տեղի են ունենում, սակայն դա քաղաքացիական պատերազմ չէ, քանի որ Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները միայն մի քանի փոքր կետերում են կարողանում լարվածության ու զինված հակամարտության օջախներ առաջացնել: Ֆինանսական աջակցություն ապստամբները հիմնականում ստանում են արաբական երկրներից: Այս ամենի նպատակը Ասադի ռեժիմը տապալելն է:

Ինչո՞ւ են արաբական երկրները դեմ Ասադի ռեժիմին:

Արաբական երկրները ձգտում են դրան, քանի որ Բաշարի հոր՝ Հաֆեզ Ասադի իշխանավարման ժամանակներից Սիրիայում իշխում է ալավիական փոքրամասնությունը: Սիրիայի ալավիները դժվար հասկանալի ու փակ խմբավորում են: Ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի ալավիների հետ:

Նրանց ծագումնաբանության վերաբերյալ տարբեր վարկածներ կան: Իհարկե, ալավիները ազգությամբ արաբներ են, բայց կա վարկած, որ նրանց նախնիները Կիլիկիայի հայերն են: Սիրիայի ալավիների կյանքում ու կենցաղում քրիստոնեական, նախաիսլամական էությունը, տարրերը բավականին նկատելի են ու հիմնավորված:

Այսօր Սիրիայի ալավիները ձգտում են իրենց ներկայացնել նախ որպես մահմեդականներ, ապա նաեւ շեշտել իրենց շիական ուղղվածությունը: Ասադի ռեժիմի այս կեցվածքը նաեւ քաղաքական պատճառներ ունի, քանի որ Սիրիայի գլխավոր դաշնակիցը շիական Իրանն է: Իսկ սուննի արաբները միայն վերջերս են սկսել ընդունել, որ ալավիները մահմեդականներ են, բայց նրանց նկատմամբ լարվածությունը, որպես շիաների, պահպանվում է: Ավելի քան 20 միլիոն բնակչություն ունեցող Սիրիայում միայն 3 միլիոնն են ալավիներ, կան նաեւ հայեր, ուղղափառ քրիստոնյաներ, բայց բացարձակ մեծամասնությունը սուննիներ են:

Ստացվում է, որ ալավիական փոքրամասնությունը իշխանություն է հաստատել սուննի արաբների տարածքում: Իհարկե, այս պարագայում ծանրակշիռ դեր են խաղում աշխարհաքաղաքական տարատեսակ շահերը: Հաֆեզ Ասադի ղեկավարած Սիրիան եղել է Խորհրդային Միության դաշնակիցը, իսկ Բաշար Ասադի նախագահությամբ այն համարվում է Ռուսաստանի ու Իրանի վերջին դաշնակիցը Մերձավոր Արեւելքում: Հետեւաբար եթե Ասադի ռեժիմը հաջողվի տապալել, ուրեմն Ռուսաստանը կկորցնի Մերձավոր Արեւելքը, իսկ Արեւմուտքի արշավը դեպի Իրան զգալիորեն կհեշտանա:

Արաբական աշխարհի ու Արեւմուտքի շահերը Սիրիայի դեպքում համընկնո՞ւմ են:

Արաբական աշխարհի կրոնական, կոնֆեսիոնալ հակամարտությունը Սիրիայի հետ տեղավորվում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական հաշվարկներում, որոնք, սակայն, քողարկվում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու այլ լոզունգներով: Իհարկե, Ասադի ռեժիմը բավական կոշտ է, միակուսակցական համակարգում միայն վերջերս որոշակի փոփոխություններ կատարվեցին: Այս հանգամանքը Արեւմուտքը հմտորեն օգտագործում է: