Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հուլիսի 18-ին, տեղի է ունեցել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) ամավերջյան հանդիսությունը:

Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ եւ աղոթքով հարգել են ճեմարանի դասախոս, նոր մահացած Վարագ Ներսիսյանի հիշատակը:

Ապա Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի 2011 -2012 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրել է Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Գեւորգ Սրբազանը տեղեկացրել է, որ ճեմարանում դասավանդում են 53 դասախոսներ, որոնցից 34-ն աշխարհականներ են, իսկ 19-ը հոգեւորականներ: Ուսանողների թիվը 118 է, որոնցից 21 շրջանավարտ  սարկավագներ Գարեգին Բ-ի օրհնությամբ արդեն իսկ համալրել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը եւ ծառայության կոչվել տարբեր հոգեւոր կառույցներում:

Սրբազան Հայրը ներկայացրել է նաեւ բարձրագույն կրթությամբ անձանց համար կազմակերպվող Քահանայից պատրաստման երկու լսարանների 26 սաների առաջադիմությունը` տեղեկացնելով, որ այս տարի եւս տեղի կունենա նոր ընդունելություն: 

Տարեվերջյան հանդիսության ընթացքում ճեմարանականները հանդես եկան հոգեւոր ու ազգային երգերի կարտարումով եւ ասմունքով, որից հետո հանուն ուսանողության խոսք ասաց Զ լսարանի սան Արսեն սարկավագ Մաթեւոսյանը:

Այնուհետեւ բարձր առաջադիմություն ցուցաբերած սաներն ստացել են խրախուսական նվերներ: