Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երեւան, Թբիլիսյան խճ. 3/9) հուլիսի 20-ին, նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճռի հրապարակումը:

Գործով վճռի հրապարակումը նախատեսված էր 2012 թ. հուլիսի 11-ին, սակայն դատավոր Ալեքսեյ Սուքոյանը որոշել է, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից հնչեցված արտահայտությունները, որոնք վիրավորել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատիվն ու արժանապատվությունը, լրացուցիչ փորձաքննության կարիք ունեն:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք էին հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:

Կազմակերպությունը գտնում է, որ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:

Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: