Կիսո՞ւմ եք օրերս Ռուբեն Հակոբյանի կողմից արտահայտած տեսակետը, թե տպավարություն է ստեղծվել, որ այսքան տարի Ղարաբաղը առանձնապես չէր էլ ցանկանում մասնակցել բանակցային գործընթացին եւ բավարարվում էր առիթից առիթ ինչ-որ հայտարարություններ անելով: NEWS.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ճիշտ է, որ ամբողջ բանակցությունների ժամանակ, հատկապես զինադադարից հետո Ղարաբաղը հատկապես տարածքների մասին իր տեսակետն այնքան էլ հստակ չի արտահայտել: Միայն վերջերս է, որ Բակո Սահակյանն ասաց, թե դրանք ազատագրված տարածքներ չեն, սա Արցախ է»: Մանոյանը հիշեցրեց նաեւ, որ օրերս Բակո Սահակյանը շատ հստակ բարձրաձայնեց, որ անհրաժեշտ է բանակցություններին նաեւ ԼՂ մասնակցությունը եւ դրա հետեւանքը եղավ այն, որ Հայաստանի ԱԳ նախարարը ստիպված եղավ բանակցությունների մեկնելուց անմիջապես առաջ գնալ Ստեփանակերտ, ոչ թե Բակո Սահակյանին հրավիրել Երեւան:
«Լեռնային Ղարաբաղում ե’ւ քաղաքական ուժերի, ե’ւ հասարակական կազմակերպությունների հայտարարությունները շատ հստակ են, որ այս հարցում Ղարաբաղում տարաձայնություններ չկան: ԼՂ-ի մասնակցության հարցը եթե մինչեւ այսօր անհրաժեշտ չափով չէր բարձրացված ԼՂՀ ղեկավարության կողմից, այսուհետ, կարծում եմ, կբարձրացվի»,- ընդգծեց Կ. Մանոյանն ու հավելեց. «Մյուս կողմից, հայկական կողմի համար վատ կլինի, եթե շատ սուր հակասություններ դրսեւորվեն Ստեփանակերտի ու Երեւանի միջեւ: Մենք անցել ենք այդ ճանապարհով, երբ Ստեփանակերտում իշխանությունը մենք էինք, իսկ Երեւանում` ՀՀՇ-ն»:



















