Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ է տանում գործող նախագահ Բակո Սահակյանը: 

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն մշակել է ամփոփիչ արձանագրությունների 83 տոկոսը: Բակո Սահակյանը ստացել է 41 հազար 366  ձայն կամ  ձայների 67,7 տոկոսը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 19 հազար 171 ձայն կամ  31,4 տոկոսը:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 540 ձայն կամ ձայների 0,9 տոկոսը: 

ԼՂՀ ԿԸՀ-ն անընդհատ թարմացնում է տվյալները` արձանագրությունների ստացվելուն զուգահեռ:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 տեղամասերի դռները, քվեարկել էր 72 հազար 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը: