Թերթը զրուցել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ.
Պարոն Քեռյան, ի՞նչ վիճակում է այսօր հայրենի ընդդիմությունը: Ի՞նչ հատվածներից է այն բաղկացած։
Արտախորհրդարանական ընդդիմություն, որպես այդպիսին, այսօր չկա: Խորհրդարանական ընդդիմությունը, կուսակցությունների թվով, քանակով ավելացել է: Եթե նախորդ Ազգային ժողովում միայն «Ժառանգություն» կուսակցությունն էր ընդդիմադիր, ապա այսօր երեք խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ ունենք, որոնցում շատ ավելի կուսակցություններ են ներկայացված:
Այսօր ՀԱԿ-ը՝ իր բազմակուսակցական կազմով, Դաշնակցությունը, նաեւ «Ժառանգություն» խմբակցության մեջ մտնող «Ազատ դեմոկրատները» պաշտոնապես հայտարարել են, որ ընդդիմություն են:
Թեեւ կուսակցությունների քանակական ներկայացվածությամբ ընդդիմությունը թվային աճ է ունեցել, բայց որակական առումով, համոզված եմ, որեւէ առաջընթաց չկա: Խնդիրը ոչ թե ընդդիմադիր խմբակցությունների սակավաթիվ կազմն է խորհրդարանում, այլ այն, որ ընդդիմադիր կուսակցությունները ուղղակիորեն չունեն իշխանություններին հակադրվելու, հակազդելու որեւէ հստակ ծրագիր, այլընտրանքային դիրքորոշումներ:
Ընդդիմության ցածր որակի մասին է վկայում նաեւ ֆրակցիոն համագործակցության բացակայությունը: Ակներեւ է նաեւ, որ ընդդիմադիր կուսակցություններում քաղաքական որոշումներ ընդունող լիդերները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Դաշնակցության ղեկավար գործիչները հստակ ու դինամիկ համագործակցելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեն:
ԲՀԿ-ին արդեն իսկ դուրս դրեցիք ընդդիմության դաշտից: Քաղաքագիտությունը գիտի՞ նախադեպ, երբ խոշոր ու ազդեցիկ քաղաքական ուժը իշխանության մաս չի կազմում, ընդդիմություն չի դառնում եւ իրեն հայտարարում է «կառուցողական այլընտրանք»:
Քաղաքագիտությունը սովորաբար ներքաղաքական դաշտը բաժանում է իշխանական, իշխանամետ, ընդդիմադիր ու արմատական ճամբարների:
Մեծությամբ եւ կազմի քանակով երկրորդ խորհրդարանական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այս իմաստով իշխանամետ է, բայց առայժմ միջանկյալ հարթությունում է: Այո, թեեւ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս չի կազմել, բայց ընդդիմություն էլ չէ: Այս քաղաքական ուժը կենտրոնամետ ու ոչ ընդդիմադիր դիրքորոշումներով է առայժմ ներկայանում, սակայն միանգամայն հնարավոր է, որ իր այս կեցվածքը փոխի եւ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ, եւ ընտրություններից հետո:


























