«Save the Children» կազմակերպությունը զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանն ետ է մնում Ռուսաստանից ու Ուզբեկստանից երեխաների ծննդի համար պայմանների ապահովման մակարդակով:

Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, մինչդեռ Ռուսաստանն ու Ուզբեկստանը կիսում են 27-րդ տեղը, Ղազախստանը 32-րդ տեղում է, Թուրքմենստանը` 44-րդ, Ադրբեջանն ու Ղրղզստանը` 52-րդ, Տաջիկստանը` 69-րդ:

ԱՊՀ երկրներից ամենաբարենպաստ պայմանները ստեղծված են Բելառուսում (16-րդ տեղ) եւ Ուկրաինայում (21-րդ տեղ), որոնց հաջորդում է Մոլդովան (24-րդ տեղ):

Զեկույցի հեղինակները ցուցակը կազմելիս հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մահացությունը կանանց ու երեխաների մոտ՝ ծննդաբերության ժամանակ, հակաբեղմնավորման ժամանակակից միջոցների ճիշտ կիրառումը եւ բժշկության զարգացումը, կանանց առողջության մակարդակը:

Ըստ զեկույցի, ամենից հարմարավետ ու վստահ են զգում իրենց սկանդինավյան երկրների՝ Շվեդիայի, Դանիայի ու Ֆինլանդիայի մայրիկները: Վերջին տեղերում են հիմնականում աֆրիկյան երկրները: