Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգին:

Հյուրը ներկայացրել է առողջապահության նախարարության հետ կազմակերպության համագործակցության ուղղությունները: Մասնավորապես` 2010թ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են Հայաստանում մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված առողջապահական մի շարք ծրագրեր:

Նախարար Դումանյանը կարեւորել է կազմակերպության դերն ու օժանդակությունը հատկապես 0-7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության պետական հավաստագրի ներդրման աշխատանքներում:

Գրահամ Սթրոնգը հավելել է, որ «Վորլդ Վիժնը» նպատակային աշխատանքների իրականացման, առողջապահության ֆինանսավորման, հասանելիության, հանրային մոնիտորինգի մեխանիզմների մշակման հարցերի շուրջ համագործակցում է նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, նաեւ զանգվածային լրատվամիջոցների հետ` մոր եւ մանկան առողջության հիմնախնդիրների իրազեկման եւ լուսաբանման ուղղությամբ: Նա նշել է, որ մոր եւ մանկան առողջության պահպանման հարցերով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպություն միավորվել է մեկ դաշինքի ներքո, որը աջակցում է ոլորտի խնդիրները վերհանելով եւ լուծման ուղիներ առաջարկելով:

Դերենիկ Դումանյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ հանրային իրազեկման աշխատանքները:

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջապահության համակարգին մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: