Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է: Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված քաղաքականությանը, որը վարում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ձեր գլխավորությամբ:
Վստահ եմ, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Ձեր հետագա գործունեությամբ կշարունակեք ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը»:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների 66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:




























