Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է ՀՀ իշխանություններին եւ եկեղեցուն:

«Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին սիրիահայության անվտանգության խնդիրն է:

Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին տա հարցը հուզական եւ հրապարակային դաշտ մտցնել, քանի որ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ հարցերում կարեւորը ոչ թե հրապարակային հայտարարություններ անելը եւ ամեն գնով քննադատական մոլուցքով տարվելն է, այլ խնդրի լուծման արդյունավետությունը:

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ճակատագիրը եւ ապագայի խնդիրը Հայաստանի իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում է»,-ասել է ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ ակնհայտ է` սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ արվում է հնարավորը:

«Բոլորովին տեղին չէ այդ ջանքերի շեփորահարումը ի լուր աշխարհի: Կրկնում եմ, այստեղ հուզականությունն ու շտապողականությունը կարող են վնասել»,-ասել է Է. Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը սիրիահայերի հարցով իր հայտարարության մեջ նշել էր. «Իշխանություններն անուղղակի ձեւով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծանր պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում»: