Գերմանացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ադրբեջանական «Day.az» կայքին տված հարցազրույցում պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցային գործընթացում ճեղքման չի հանգեցնելու: «Այդ բանակցությունները շատ երկար են ընթանում: Անկեղծ ասած, ես որեւէ դրամատիկ զարգացում չեմ տեսնում»,- նշել էր նա:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսումը, Ալեքսանդր Ռարը պատասխանել է. «Հայաստանի տեսանկյունից ես ռազմական գործողությունները սկսելու որեւէ նպատակադրում չեմ տեսնում, ադրբեջանական կողմից եւս, կարծում եմ, չարժե սպասել: Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպե՞ս կզարգանա համաշխարհային քաղաքականությունը, ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի ազդեցությունն այս տարածաշրջանում: Ես չեմ կարծում, որ այս հիմնախնդիրը ռազմական եղանակով կլուծվի»:



















