Հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել Delta-Northwest Airlines ավիաընկեությանը պատկանող, Ամստերդամ-Դեթրոյթ չվերթն իրականացնող ինքնաթիռում։ Ուղեւորներից մեկն, իրեն վատ զգալով, մեկ ժամ փակվել է ինքնաթիռի զուգարանում։ 36-ամյա նիգերիացին կասկածելի է թվացել ինքնաթիռի անձնակազմին։

Ինչպես հայտնում է BBC Russia-ն, վայրէջքից առաջ օդաչուները հայտնել են արտակարգ իրավիճակի մասին։ Օդանավակայանում ինքնաթիռին դիմավորել են հատուկ ծառայությունների աշխատակիցները, ինչից հետո ստուգում է անցկացվել, իսկ կասկածյալ նիգերիացուն տեղափոխել են ոստիկանություն։ Ինչպես պարզվել է հարցաքննության ժամանակ, նիգերիացին եղել է նավթային մի ընկերության ինժեներ, ով ճամփորդում էր իր կնոջ հետ։ Associated Press-ի տվյալներով, տղամարդը սննդային թունավորում է ունեցել եւ ոչ մի վտանգ չի ներկայացրել այլ մարդկանց համար։

Հիշեցնենք, որ սրանից երկու օր առաջ նույն ուղղությամբ՝ Ամստերդամ-Դեթրոյթ, թռիչքն իրականցնող ինքնաթիռում նիգերիացի Ումար Ֆարուխ Աբդուլմութալլաբը փորձել էր պայթուցիկ սարք գործի դնել։ Ավելի ուշ պարզվել էր, որ տղամարդը գործել է Ալ-Քայդայի հրահանգով։ Այն ժամանակ ինքնաթիռում եղել էին 278 ուղեւորներ եւ անձնակազմի 11 անդամներ։