Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին, նրանք ազատազրկումը համարելով քաղաքական հետապնդում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է.

«Պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին

2012 թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։

2011 թ. օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել էին երիտասարդների քաղաքական պատկանելության պատճառով, եւ՛ նախաքննության, եւ՛ դատաքննության մարմնի կողմից վերաորակվեցին որպես բռնություն երիտասարդների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Չնայած իշխանությունների կողմից բազմաթիվ հայտարարություններին, սույն փաստով համոզվում ենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, քրեական գործերի հարուցման միջոցով, շարունակվում են:

Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, եւ վերստին Հայաստանի իրավական համակարգը վերադառնում է քաղաքական հետապնդման գործիքի իր դերի ակտիվացմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռները հանդիսանում են քաղաքական հետապնդում եւ հերթական անգամ խախտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հերթական անգամ Հայաստանի իշխանությունները նահանջում են Հայաստանի քաղաքացիների եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորություններից:

Խստորեն դատապարտելով այս խայտառակ դատավճիռը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է՝

- Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ

- Քրեական հետապնդում սկսել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունների փաստով»: