Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, այսօր՝ հուլիսի 21-ին, դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ, մերժել է փոխել դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի խափանման միջոց կալանքը:
Այսօր ցուցմունք է տվել Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, ով մինչ այդ տեսանյութ էր տարածել, որտեղ նշել էր, որ իր որդին չի տարածել Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները համացանցում:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանն արդեն մի քանի օր է՝ հացադուլի մեջ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:
Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:
Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ:




























