«Ես «Ուրարտու» ռեստորանում անգամ չեմ եղել, չեմ ճանաչում որեւէ մեկին ու ընդհանրապես տնտեսական գործունեություն ոլորտում որեւէ շփում չունեմ»,- այսօր` հուլիսի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության Գլխավոր քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը` անդրադառնալով այն լուրերին, թե «Ուրարտու» ռեստորանի սեփականատիրոջ` Աշոտ Երիցյանի ազատ արձակման հետ ինքն առնչություն ունի, որի համար վճարվել է 70 հազար դոլար:
«Այդ լուրն անգամ ստահոդ ու աբսուրդ չէ, բարոյականության բոլոր սահմաներն անցած հրապարակում է: Իսկ ավելի կոնկրետ ասեմ, որ նման քրեական գործ քննվել է մեր ներքին օղակներում` Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ, ապա ավարտվել է Երեւանի Քննչական վարչությունում եւ մեղադրական եզրակացությամբ մեղավորները կալանավորված վիճակում ուղարկվել են դատարան: Հիմա թե դատարանը ինչ որոշում է ընդունել ու ինչու է ընդունել, բնականաբար չեմ կարող պատասխանել: Երկրորդ հարցը այն է, թե ինչ կապ կարող եմ ունենալ դատարանի որոշման հետ…. Ահա ամբողջ աբսուրդը դրա մեջ է»,-ասել է Համբարձումյանը` հավելելով. «Ես մտածում եմ` արժե այդ աստիճան ցածրանալ, որ հրապարակման իսկությունը վիճարկեմ դատարանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ոստիկանություն բերման է ենթարկվել Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի տնօրեն Աշոտ Երիցյանին, ով կասկածվում է մի անձի ծեծի ենթարկելու եւ առեւանգելու մեջ:
Մեզ հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետեւյալ գործողությունները. Նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:
Իսկ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ մոտ երկու ամիս առաջ ազատ է արձակվել Երեւանի «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատեր Աշոտ Երիցյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Շրջանառվող լուրերի համաձայն` դա արժեցել է 70.000 դոլար, իսկ դրանում գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ա. Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը, քանի որ նա կասկածվում էր անձի առեւանգման մեջ, ում խաբեությամբ առեւանգել էր «Մասկարադ» կարաոկե-ակումբից, գցել մեքենայի բեռնախցիկը, տարել անհայտ ուղղությամբ, ապա ծեծի ենթարկել»:




























