Իրանում բողոքի գործողության մասնակիցների եւ իրավապահների բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի: Այդպիսի տվյալներ է հրապարակել երկրի ընդիմությունը՝ ինտերնետային կայքերում տեղադրելով սիրողական տեսանյութեր, թե ինչպես են ոստիկանները ցրում բողոքի ակցիան: Առավել նշանակալի մեջբերումներ է արել «Զագոլովկի.ռու» կայքը:

Ըստ այդմ, Իրանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են. «Հինգ մարդ սպանվել է ահաբեկչական խմբավորումների կողմից», «ուժային կառույցների աշխատակիցներին հաջողվել է ոչնչացնել հակահեղափոխական ահաբեկչական խմբերի ավելի քան 10 անդամների»:

Միաժամանակ Իրանի իշխանությունները հաստատել են միայն 4 հոգու սպանության տեղեկությունը եւ հերքում են ընդդիմության պնդումները, որ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա: Euronews-ը նկատում է, որ անկախ լրատվամիջոցների կողմից տեղեկություններ չեն հաղորդվում, քանի որ օտարերկրյա լրագրողներին արգելված է լուսաբանել երկրում տիրող իրավիճակը:

Նշենք, որ զոհերի թվում է ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի զարմիկը: 35-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում՝ Ինխելաբի հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ եւ մահացել հիվանդանոցում: Հիշեցնենք, որ ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներն սկսվել են կիրակի օրը: Դրանք ամենազանգվածային բողոքի ակցիաներն էին նախագահական ընտրություններին հաջորդած հունիսի 12-ի բողոքի ակցաներից հետո:

Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո (պաշտոնական տվյալներով, Ահմադինեջադն ստացել էր 60 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավին` 30 տոկոս) ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները մեղադրեցին իշխանություններին՝ ընտրությունները կեղծելու մեջ եւ պահանջեցին չեղյալ համարել դրանք: Այն ժամանակ բռնկված զանգվածային անկարգությունների հետեւանքով Թեհրանում սպանվեց ավելի քան 30 մարդ, մոտ հազար մարդ ձերբակալվեց: