Հարավային Կովկասում 2009թ. առկա հակամարտությունների լուծման տեսանկյունից նշանակալի որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի իրանագետ, քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Ըստ փորձագետի՝ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որ ամենախնդրահարույցն է. որեւէ առաջընթաց չի գրանցվել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ փորձագետի՝ երկիրը կայուն ետընթաց է գրանցում: «Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ ներքին մակարդակով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին, բացի անհայտություն տանող ետընթացից, ոչինչ չի սպառնում»:

Ինչպես կարծում է Գեւորգյանը, Հայաստանն այդ առումով միայնակ չէ տարածաշրջանում, նույն վիճակում, եթե ոչ ավելի վատ, գտնվում է հարեւան Վրաստանը: «Այն, ինչ տեղի ուենցավ այդ երկրում անցած տարվա օգոստոսին, անսպասելի էր Վրաստանի ողջ բնակչության համար»,- նկատեց նա: Այդ ժամանակից, ըստ Գեւորգյանի, Վրաստանի իշխանությունները կատարյալ վերահսկողություն են սահմանել երկրի բնակչության նկատմամբ, հսկում են Ռուսաստանի հետ բոլոր կապերը:

Փորձագետը հատկանշական իրադարձություն է համարում վերջերս Քութայիսիում «Փառքի հուշարձանի» պայթեցումը: «Ակնհայտ է, որ դա յուրօրինակ մեսիջ է, թեեւ բավական հիմար: Տվյալ իրադարձությունը հստակ ցույց տվեց, թե որ կողմ է կողմնորոշված Վրաստանը»,- ամփոփեց Գեւորգյանը: