«Անձամբ` „մարտի 1-ի էջը փակող“ Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Հերմինե Նաղդալյանին, Էդուարդ Շարմազանովին, Սամվել Նիկոյանին, „մարտի 1-ի“ ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների „էջը շրջված է…“:

Մենք` „մարտի 1-ի“ զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե „մարտի 1-ի էջը փակված է“… Քաջ հասկանում ենք` դա ձեր, և առհասարակ` իշխանակիրների փափագն է: Ուզում եք Նոր տարվա օրերին „միախառնելով“` հասարակությանը „մատուցեք“, թե „հարցը լուծված է“: Հավանաբար, փորձում եք շուտ ազատվել այդ „գլխացավանքից“` գալիք ընտրություններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չի հաջողվի, չենք հանդուրժի, ու վստահ ենք` գեթ այդ խնդրում հասարակությունը միակամ է ու զորավիգ է մեր` սպանվածների իրավահաջորդներիս ԴԱՏԻՆ…

Իսկ մենք համոզված ենք, որ „մարտի 1-ն“ ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ` ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը և բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկելը ԵՐԻՑՍ ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը արձագանք ու աջակցություն է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում:

Ի գիտություն ձեզ. Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի: Հիշե'ք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքներին բռնանալուն, „անկախ դատարան“ հասկացության հուղարկավորմանը, հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին… Լավ հիշեք:

Ասում եք` „Մարտի 1-ի էջը փակված է“, „Ամեն մարդ իր արարքների համար է պատասխանատու“, „Ի տխրություն զոհերի հարազատների և ընդդիմադիրների` մարտի 1-ի էջը փակված է“… Որքան հեշտ եք արտասանում այդ խոսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպես եք ցույց տալիս, որ ծնողներիս ՑԱՎՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, „բեռ“ են ձեզ համար… „Զեկույցներ“ եք պատրաստում, Եվրոպայում ինչ-որ իրավական հիմնավորումներ ներկայացնում… Ձեր այդ վերաբերմունքին մեկ ու ճշմարիտ գնահատական կա` փորձում եք կոծկել հանցագործությունը, պարտակել` մեղավորներին, նշանառու ոստիկաններին, իշխանության հավատարիմ մարդասպաններին: Դրանով եք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործության, դրանով և` ձեր վախով, անտարբերությամբ, անսրտությամբ…

Հրամայել էր` 20 օր արտակարգ դրություն. որ` ի՞նչ, քրիստոնյա զավակներիս արյո՞ւնը մարսեին… Այցելեց միայն մեկ զոհի հարազատներին` ցավակցության. իսկ մեր որդիները զոհե՞ր չէին, մեր լացն ու ողբը ծնողակա՞ն չէր:

Պետությունը դարձրել եք գանձարան` դանայան տակառի պես ձեր անկուշտ ընչաքաղցության համար, երկիրը` մահկանացուներիս կյանքի կազինո ու խորովածանոց, ժողովրդին համարում եք լոկ ձեր ստնտուն, իրավապահ համակարգն էլ օգտագործում եք որպես վահան ու մահակ…

Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու… Ու դեռ` կասենք: Բայց հիմա Նոր տարի է, մեզ համար` հին 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը „ի կատար ածելու“ հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք օրենք, իրավունք, արդարություն»:

Մարտի 1-ի որդեկորույս ծնողներ`

Զոհված զինվոր Տիգրան Աբգարյանի մայր` Ռուզաննա Հարությունյան

Զոհված Տիգրան Խաչատրյանի մայր` Ալլա Հովհաննիսյան

Զոհված Գոռ Քլոյանի հայր` Սարգիս Քլոյան

Զոհված Արմեն Ֆարմանյանի հայր` Վաչագան Ֆարմանյան

Զոհված Դավիթ Պետրոսյանի մայր` Ջեմմա Վարդումյան

Զոհված Հովհաննես Հովհաննեսյանի այրի` Լիլիա Մինասյան

Զոհված Սամվել Հարությունյանի հայր` Ռուբեն Հարությունյան