Հայաստանի ոստիկանապետը Ճանապարհային ոստիկանությանը գրավոր ցուցում է տվել դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ն անցնել ուժեղացված ծառայության: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:
Ուժեղացված ռեժիմը, սակայն, ըստ Օհանյանի, չի խանգարելու, որ ոստիկանները որոշ դեպքերում ներողամիտ լինեն վարորդների նկատմամբ: Օրինակ՝ ամրագոտի չկապելու կամ քաղաքացիների կյանքին վնաս չսպառնացող խախտումների համար վարորդները ներողամիտ վերաբերմունքի կարժանանան, սակայն հարբած վիճակում վարելը, արագության գերազանցումը, կարմիր լույսի տակ անցումը, Մարգար Օհանյանի խոսքով, Ամանորին ավելի խիստ պատժի են արժանանալու, քան սովորական օրերին:




























