NEWS.am-ը հարցազրույցի է հրավիրել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։

Տիկին Փոստանջյան, ինչպիսի՞ն էր 2009 թվականը` հատկապես որպես 2008-ին հաջորդող տարին :

Մարտի 1-ից հետո մի գործընթաց սկսվեց, որից հետո բարեփոխումները մեր երկրում ինչ-որ չափով դադարեցվեցին: Այն տեմպերը, որ կային մինչեւ մարտի 1-ը, դադարեցին, սակայն դա ոչինչ չի նշանակում, կարծում եմ` մեր հասարակությունը հիմա այնպիսի վիճակում է, որ կարելի է բնութագրել այսպես. Անդորր՝ փոթորիկից առաջ: Անարդարությունները թակել է յուրաքանչյուր քաղաքացու դուռը, չի կարելի այնպես անել, որ երկրում լինի 90 տոկոսանոց աղքատություն, սոցիալական խնդիրներ ու 10 տոկոս կամ ավելի քիչ գերհարուստներ: Ես կարծում եմ, որ հարաբերական անդորր է փոթորիկից առաջ:

Ձեռքբերումներ ունեցա՞նք:

Ես նվաճում եմ համարում այն, որ մեր երկրում անցնող տարում ոչ մի ոչ իշխանական թերթ չփակվեց: Ես հպարտ եմ, որ մեր հայազգի կին ներկայացուցիչը` Նազիկ Ավդալյանը սպորտի ոլորտում փառավոր հաղթանակ տարավ:

Չեք կարծում, որ մամուլի առումով ձեր նշած ձեռքբերումը հաջորդ տարի կկորցնենք, եթե հաստատվեն մամուլի դեմ շրջանառվող օրենսդրական փոփոխությունները:

Իհարկե, եթե թույլ լինենք ու դաշտը պասիվ գտնվի, հնարավոր կլինի օրենսդրական փոփոխություներով սահմանափակել կամ արգելափակել թերթերի գործունեությունը: Իշխանական եւ ընդդիմադիր մամուլը քննադատում են, երբեմն սահմանը անցնում, բայց ներկայիս օրենքը պաշտպանվելու հնարավորություն տալիս է եւ կարիք չկա, որ լրացուցիչ փոփոխություններով պատժեն լրատվամիջոցներին կամ լրագրողներին:

Տիկին Փոստանջյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, թե մարտի 1-ի էջը փակված է:

Ճիշտն ասած շատ եմ ցավում, որ նման բառակապակցություն է դրվել շրջանառության մեջ հենց իշխանությունների կողմից, որ մարտի 1-ի էջը ցանկանում են փակել, ցանկանում են անտեսել նման ողբերգությունը: Երբ որ նման ողբերգություն է տեղի ունենում մայրաքաղաքում, այն պետք է միշտ դատապարտել: Ցավալի է, որ առ այսօր պատշաճ նախաքննություն չի իրականացվել ողբերգական դեպքերի վերաբերյալ, դեռ ավելին՝ մարդիկ կան, որ ցանկանում են ընդհանրապես մոռացության տալ այս ողբերգությունը, մինչդեռ այն պետք է ամեն օր դատապարտել: Պետք է առաջին հերթին տրվի այն հարցերի պատասխանը, թե ովքեր հրահանգեցին կրակել եւ ովքեր պարտակեցին հանցագործությունը: Մինչդեռ ցինիկ արտահայտություններով փորձում են քողարկել այդ հանցագործությունը:

Հենց նույն իրենք, ովքեր որ պարտակում են հանցագործությունը, իրենք են դառնալու այդ հանցագործություններ ծնողն ու դրանց զոհը, այնպես որ մեր գործն ու պարտականությունն է դատապարտել այդ հանցագործությունը, հասնել նրան, որպեսզի մեղավորները պատժվեն: Թեկուզ կաթիլ առ կաթիլ, ես հավատում եմ, որ մենք կհասնենք այն բանին, որ մեր երկրում կվերականգնվի արդարությունը:

2010 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա, սակայն հնարավոր չէ գոյատեւել այն պայմաններում, երբ անընդհատ սեղմվում է օղակը: Ես մի բան գիտեմ` մենք պարտավոր ենք պայքարել ու հավատալ: Եթե դու պայքարում ու հավատում ես, ուրեմն առաջընթաց, համոզված եմ, կարձանագրվի:

Ձեր կուսակցությունում նույնպես լուրջ տարաձայնություններ եղան եւ հեռացվեցին որոշ անդամներ: «Ժառանգություն» կուսակցության համար ինչպիսի՞ն էր անցնող տարին:

Մենք ունեցանք, իհարկե, կորուստներ, այդ մարդիկ մեր թիմի լավագույն անդամներից էին: Հեռացման որոշումը շատ կոպիտ էր, ես այն կարծիքին եմ, որ չպիտի հեռացնել կուսակցությունից, մեկ է` ուշ թե շուտ կգնային, ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդիկ նախընտրում էին այլ թիմերում աշխատել, բայց շատ եմ ցավում իմ համար՝ թիմը պիտի համալրվի, ոչ թե որոշ անդամներ հեռացվեն, չնայած մեր դեպքում կային ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ:

Տիկին Փոստանջյան,առջեւում Ամանորն է, նույն ակտիվությամբ էլ խոհանոցո՞ւմ եք աշխատում: Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին:

Ինչպես բոլոր հայ կանայք, այնպես էլ ես, Ամանորին ինքս եմ պատրաստում՝ ընտանիքի անդամների պատվերով: Բաներ կան, որ կգնեմ, բայց ուտեստներ կան, որ ինքս պետք է պատրաստեմ: Սիրում եմ Ամանորը դիմավորել ընտանիքիս անդամների հետ: Մենք ամանորը նշում ենք, կամ իմ կամ ամուսնուս ծնողների հետ: Այս տարի Երեւանում ենք լինելու եւ նշելու ենք ավանդական ձեւով:

Զրույցը վարեց Գայանե Գրիգորյանը