Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ որակավորման վկայական ունի 570 հաշվապահ:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման վկայականներ ունենալը հաշվապահների համար պարտադիր նախապայման չէ իրենց գործունեությունը սկսելու կամ շարունակելու համար: Դա մասնագիտական որակավորման մակարդակը կամավոր ստուգելու առաջարկ է եւ կենսագործվում է ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 1048 որոշմամբ հաստատված կարգով:

Համաձայն այդ կարգի՝ քննություններն անցկացվում են հայերեն եւ գրավոր, պարբերաբար եւ ոչ ուշ քան 2 ամիսը մեկ` եթե ստացվել է, նույնիսկ, մեկ դիմում:

Հարցաթերթիկի 1-ին բաժնում ներառվում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող 35, հաշվային պլանին`10, հարկերին եւ այլ պարտադիր վճարներին `20, տնտեսական իրավունքին եւ աուդիտին` 10 թեստային հարցեր, իսկ 2-րդ բաժնում հարկերի եւ այլ պարտադիր վճարների, ֆինանսական վերլուծության եւ հաշվապահական հաշվառման վերաբերյալ 2-ական խնդիր:

ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննությանը մասնակցելու դիմում էին ներկայացրել 25 հոգի, սակայն նրանցից քննության էին ներկայացել 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել միայն 8-ին: