Ձմեռ պապից իրենց ցանկությունների մեջ Հայաստանի գերատեսչությունների մամուլի քարտուղարներն ավելի քան անզուսպ էին, խնդրում էին ամեն ինչ՝ տանիքի ծածկից մինչեւ թոռնիկ: Մնում է միայն հուսալ, որ Ձմեռ պապը նրանց նկատմամբ բարեհաճ կլինի:
Ի դեպ, տանիքի ծածկը Ձմեռ պապից խնդրում էր Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: «Էլ ի՞նչ ցանկանամ: Իմ տունն առանց կտուրի է մնացել»,- դժգոհեց նա՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Ինչ վերաբերում է ամանորյա նախասիրություններին, այդ հարցում Շահսուվարյանը քմահաճ չէ, փորձում եւ ուտում է ամեն ինչ, որ կա ամանորյա սեղանին: Շահսուվարյանը մտադիր է Ամանորը դիմավորել Երեւանում՝ ընտանիքի գրկում:
Փրկարար ծառայության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը Ձմեռ պապից թոռ է ուզում: «Դա՝ անձնական տեսանկյունից, իսկ երկրի համար ուզում եմ, որ 2010թվականն անցնի առանց արտակարգ դեպքերի: Մաղթում եմ ողջ աշխարհին, որ բոլորը հնարավորություն ունենան ազատ եւ երջանիկ աշխատել եւ վայելել աշխատանքի պտուղները»,- ցանկացավ Գրիգորյանը, որ Ամանորը դիմավորելու է Երեւանում: Նա նաեւ նշեց, որ մտադիր է տոներին ձկնամթերքներ ճաշակել: «Ես պաշտում եմ ձկան բոլոր տեսակները»,- ասաց նա:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նույնպես մտադիր է Նոր տարին դիմավորել Երեւանում՝ ընտանիքի եւ մտերիմների շրջապատում: Ամանորյա սեղանից Ֆարմանյանն ամենից շատ փախլավա է սիրում: «Ես միշտ ձգտում եմ փախլավա ճաշակել: Իսկ ընդհանրապես ես շատակեր չեմ»,- խոստովանեց Ֆարմանյանը՝ Ձմեռ պապից էլ ներդաշնակություն խնդրելով:
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը մտադիր է Նոր տարին դիմավորել տանը՝ ծնողների հետ: Նաիրին սիրում է այն ամենն, ինչ դրված է լինում ամանորյա սեղանին։ Իսկ Ձմեռ պապից նա իր եւ, ընդհանրապես, բոլոր երիտասարդների համար մատչելի հիփոթեքային վարկավորում է խնդրում:
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նույնպես չի տարբերվում իր գործընկերներից եւ Ամանորն անցկացնելու է տանը: Նա խոստովանեց, որ սիրում է համեղ ուտել եւ փորձելու է բոլոր ուտեստներն անխտիր: Ձմեռ պապից էլ ծրագրերի իրականացում է խնդրում, բայց թե ինչ ծրագրերի, այդպես էլ չասաց:




























