Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ծառայությունն իրականացվելու է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց երեք նորակառույց հենակետերի բացմանը: Կուրղինյան, Համբարձումյան, Ռայնիսի փողոցներում տեղակայված հենակետերը գործելու են ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:

Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց  ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը:

Նորաբաց հենակետերը  եւս մեկ քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:

Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է 30 հազար բնակչի, եւ քաղաքացին հենակետ կարող է դիմել ոչ միայն ոստիկանությանն առնչվող խնդիրներով, այլեւ գործակցության ծրագրերով ու առաջարկներով` գիտակցելով, որ ոստիկանը նախեւառաջ հասարակության անդամ ու զինակից է հանրային անդորրի ու բարօրության պահպանման գործում:

Մինչ այս մայրաքաղաքում գործում էր երեք հենակետ, երկուսը` ոստիկանության Արաբկիրի, երրորդը` Կենտրոնական բաժնի տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ոստիկանության Կենտրոնական, Էրեբունու, Նոր Նորքի, Մաշտոցի եւ Շենգավիթի բաժինների հենակետերի կառուցման աշխատանքները, որոնք մոտ օրերս շահագործման կհանձնվեն:

Համայնքային ոստիկանության ձեւավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է: