Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում, Էջմիածնի քաղաքապետի աթոռի համար կրկին կպայքարեն գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Թեեւ Հակոբյանն ավելի վաղ NEWS.am-ին ասել էր, որ ոչ միայն չի առաջադրվի Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի դեմ, այլեւ կպաշտպանի նրան, բայց այսօր, «Առավոտ»-ի հետ զրույցում չի բացառել առաջադրվելու հավանականությունը:
«Ուզում էի չառաջադրվել, նման հայտարարություն արդեն արել էի, բայց հիմա՝ չգիտեմ: Ժողովուրդը եկել- համոզում են: Չգիտեմ՝ ի՞նչ ասեմ, ոնց բացատրեմ, ո՞նց մերժեմ»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հակոբ Հակոբյանը թիվ 19 ընտրատարածքում առաջադրեց իր թեկնածությունը՝ կրկին «ժողովրդի խնդրանքով» եւ արդեն երկրորդ անգամ պարտվեց ոչ ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանին: Հակոբյանը քաղաքապետի նախորդ ընտրություններում էլ պարտվել էր Կարեն Գրիգորյանին:
Հարցին, թե շարունակական պարտությունները իրեն չե՞ն կաշկանդում, նա պատասխանել է. «Իհարկե՝ ոչ: Եթե ժողովուրդը խնդրում ա, ի՞նչ ա եղել: Հո կյանքներս գրավ չե՞նք դնում: Ի վերջո, կարեւորը բարոյական հաղթանակն ա, ես էլ հաղթել եմ, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Գնում ես «կռվի դաշտ», հակառակորդդ 10 զենքով ա դուրս գալիս: Էստեղ կարեւորը ժողովրդի գնահատականն ա, իսկ մնացած գնահատականները առ ոչինչ են»,- ասաց Հակոբ Հակոբյանը:




























