Թուրքական Medya73 կայքէջը հրապարակել է Վանի Գեվաշ շրջանում անցկացած հարցումները, որոնք ցույց են տալիս, որ այդ շրջանի բնակիչները կողմ են Վանի Ախթամար կղզում ներկայումս թանգարան համարվող Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը՝ որպես եկեղեցի։

Վանի Գեվաշի շրջանի արհեստագործական տաղավարի սեփականատերերից Օքթայ Օրհունը նշել է, որ պետությունը պետք է դա լավ վերլուծի, սակայն ինքը միանշանակ կողմ է Ս. Խաչ եկեղեցու վերաբացմանը կրոնական արարողությունների համար։ Օքթայը հավելել է, որ եկեղեցու վերաբացումը կավելացնի այդ շրջան այցելող զբոսաշրջիկների քանակը։

Իսկ տաքսու վարորդ Մեհմեդ Չելեբին նշել է, որ բոլորը ունեն կրոնական ազատության իրավունք եւ ինքը կողմ է Սուրբ Խաչի վերաբացմանը կրոնական արարողությունների համար։ "Իսկ եթե եկեղեցին բացվի կրոնական արարողությունների համար՝ մեր երկրի անունը կբարձրանա հանդուրժողականության տեսանկյունից, իսկ մեր նահանգն էլ նյութական առումով օգուտներ կստանա։

Գեւաշի արհեստագործական պալատի նախագահ Ֆերհեթին Ջեյլանը նշել է. «Դա նշանակում է առեւտրի առումով մեծ աշխուժություն։ Ճիշտ է դա մեկ օրում, կամ մեկ տարում չի լինի, սակայն երկարաժամկետ հեռանկարի համար կարեւոր քայլ կլինի։ Օրինակ՝ մեր շրջանում հյուրանոցներ եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ կստեղծվեն։ Բացվելիք եկեղեցի հիմնականում կցանկանան այցելել հայերը։ Սակայն եկեղեցու վերաբացումով պետք է նաեւ Հայաստանի հետ սահմանը բացվի»,-նշել է Վանի Գեւաշ շրջանի արհեստագործական պալատի նախագահը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ օրեր առաջ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն նշել էր, որ Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար վերաբացելու նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանական գործողությունները իրականացրել են: Նահանգապետը որպես բացման հնարավոր ամսաթիվ նշել էր 2010 թվականի սեպտեմբերի 12-ը եւ հայերին հրավիրել էր Վան: