«CLARIN» օրաթերթի շաբաթօրյա համարում լույս է տեսել Մարսելո Կանտելմիի «Հայաստան-Ադրբեջան. պատրույգը վառելու վտանգը» վերնագրով հոդվածը:
Հոդվածագիրը անդրադառնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին եւ այդ նույն ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարներին, որի հետեւանքով երկու կողմերից էլ եղան զոհված զինծառայողներ: Մ. Կանտելմին նշում է, որ այդ դեպքերից առաջ` ապրիլին, Հայաստանը բողոք էր ներկայացրել, որ ադրբեջանցի զինվորները կրակել էին քաղաքացիական թիրախների վրա՝ երկու կողմերը բաժանող սահմանային գծի մոտ` վնասելով մեկ շտապ օգնության մեքենա, ինչպես նաեւ մեկ դպրոց ու մեկ մասնավոր մեքենա Այգեպար գյուղում: Մեքենայում կային նաեւ երեք հայ զինվորներ, որոնք բոլորն էլ մահացան:
Այս դեպքերը, հանդիսանում են վտանգավոր խախտում այն զինադադարի, որն ուժի մեջ է 1994 թվականից շուրջ 25 հազար զոհ տված արյունալի պատերազմից հետո։ Միեւնույն ժամանակ, ըստ հոդվածագրի, սա պարզում է երկու պետությունների միջեւ հակամարտության խորությունը եւ բացահայտում, որ պատերազմական վիճակը, կախված է մի դերձանից, որն օրըստորե էլ ավելի է բարակում:
«Լավ կլիներ զգուշավորությամբ դիտել այսքան բարդ մի բեմ, եթե ուզենանք ըմբռնել հակամարտության մեջ իրար բախվող շահերը եւ որոշ թեթեւությամբ արվող քայլերի հետեւանքները: Վերջերս Ադրբեջանը վերածվել է Արգենտինայի բարձր առանձնաշնորհներով հանկարծակի գործընկերոջ: Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը այս տարվա չորս ամիսների ընթացքին երեք անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս նոր հարաբերությունների նախավերջին կանգառը եղել է արգենտինացի գործարարների պատվիրակության այցելությունը Բաքու՝ ներքին առեւտրի քարտուղար Գիժերմո Մորենոյի մասնակցությամբ: Վերջին կանգառն այս շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարի ժամանում էր Բուենոս Այրես:
Այս հանգամանքը առաջ է բերում մտահոգություն արգենտինահայ համայնքում: Մտահոգությունը չի վերացվել, այլ միմիայն մեղմացել է Թիմերմանի դեպի Երեւան մոտակա գործուղման լուրերով»,- նշում է հոդվածագիրը:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է այս շփումները որպես դիվանագիտական իր արշավի մի մաս՝ բարելավելու համար իր միջազգային տեսքը եւ իր համար ապահովելու անհրաժեշտ ապագա դաշնակիցներ: Transparency International-ը կովկասյան վերոնշյալ երկրին տալիս է 143-րդ տեղը 183 երկրների շարքում կոռուպցիայի գնահատման ցուցակի մեջ: Amnesty International-ը բողոքել է Ադրբեջանում այլախոհներին եւ լրագրողներին հետապնդելու համար:
Կան նաեւ սուր քննադատական մեկնաբանություններ 2010 թ. ընտրությունների խարդախությունների կասկածանքների համար, կամ այն միջոցների շուրջ, որոնցով Հէյդար Ալիեւը` ներկայիս նախագահի հայրը եւ խորհրդային վարչակարգի վերջին շրջանի երկրի ղեկավարը, 2004 թ. իշխանությունը փոխանցեց իր որդուն՝ ծնունդ տալով ժառանգական մեկ հարստության ուժեղ բանավեճ թողած ընտրությունների մեջ:
Իր արտաքին պատկերը լվանալու իր ճիգի մեջ, այս տարի Ադրբեջանը հյուրընկալեց «Եվրատեսիլի» երգի փառատոնը, որի իրականացման համար Բաքուն հատկացրեց քառապատիկ ավելի գումար, քան սովորաբար պահանջվում է կազմակերպելու համար այդ հանրահայտ մրցույթը, որը դիտում են հարյուր միլիոն եվրոպացիներ: Այդ նախաձեռնությունների համար ուղղված գումարները գալիս են գազի եւ նավթի առկայությունից»- ավելացնում է հոդվածագիրը:
Հոդվածում նաեւ նշվում է, որ Մեծ Բրիտանիան ամենամեծ ներդրողն է 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող կովկասյան այդ երկրում, որտեղ բնակություն են հաստատել 5,000 անգլիացիներ, իսկ արքայազն Էնդրյուն՝ Լոնդոնի շահերը ապահովելու համար 2005 թ. ի վեր ութ անգամ այցելել է Ադրբեջան: Հիշյալ բարեկամությունը թրջված թղթի է վերածում Մալվինյան կղզիների համար տարվող պայքարի նոր գործընկեր ունենալու Վարդագույն Տան (Արգենտինայի նախագահական պալատ) պատրանքը:
Ադրբեջանական տնտեսական ուժը ենթադրում է քաղաքական եւ զինվորական ուժ: Թուրքիայի սիրասուն դաշնակից Ադրբեջանը կիսում է այդ պետության լեզուն, երկիրը թուրքական Ջեյհան նավահանգստի հետ կապող հսկա նաֆթամուղը եւ հին թշնամությունը Հայաստանի հետ, որը Օսմանյան Կայսրության ձեռքում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանքը խլեց անցյալ դարի առաջին ցեղասպանության ժամանակ:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` հոդվածագիրը, մասնավորապես, նշում է. «Հայաստանի կողմից իր հին Արցախ նահանգի՝ Լեռնային Ղարաբաղ անունով ծանոթ շրջանի համար տարվող հակամարտությունը սկսել է 1918 թ., երբ Խորհրդային Միության առաջին փուլերում սկսեցին ձեւավորվել նորաստեղծ խորհրդային պետությունների միջեւ նոր սահմանները: 1923 թ. բոլշեւիկյան վարչակարգը հանձնեց այդ տարածքը ադրբեջանցիներին՝ չնայած 1923 թ. բոլշեւիկյան վարչակարգը հանձնեց այդ տարածքը ադրբեջանցիներին՝ չնայած բնակչության հայկական մեծամասնությանը: 80-ական թվականներին վերջերին երկու ազգերի միջեւ լարվածությունն աճեց, երբ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը եւ համաժողովրդական հանրաքվեն ջախջախիչ մեծամասնությամբ Հայաստանի հետ միանալուն կողմ քվեարկեցին եւ ներկայիս փխրուն զինադադարով կանգնեցված պատերազմը բռնկվեց։ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվեց ցայսօր միջազգային ճանաչում չունեցող հանրապետությունը, որտեղ իշխանությունը գտնվում է հայկական բնակչության ձեռքում:
Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է 1,6 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ զինամթերք, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր: Բաքուն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն դրանք օգտագործվելու են Թեհրանի դեմ՝ առանց դիվանագիտական դարձվածքների, սակայն, պարզաբանելով, որ այդ զենքերի թիրախը լինելու են Լեռնային Ղարաբաղն ու հայերը»,- եզրափակում է հոդվածագիրը:




























