Որոշ վարորդներ Ճանապարհային ոստիկանությունից չեն ստացել անվավեր ճանաչված ակտերով նշանակված տուգանքների գումարները:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր, որ վարչական ակտերը ճանաչվել են անվավեր:

«Փաստինֆո» գործակալությունը հայտնում է, թե ՃՈ-ն տեղեկացրել էր նաեւ, որ անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները վճարած քաղաքացիները գումարները հետ ստանալու համար կարող են համապատասխան դիմում ներկայացնել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս: Անցել է գրեթե մեկ ամիս, սակայն կան վարորդներ, ովքեր համապատասխան դիմումը ՃՈ ներկայացնելուց հետո դեռեւս հետ չեն ստացել իրենց վճարած գումարները:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից խորհուրդ են տվել վարորդներին տրամադրել Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանի հեռախոսահամարը՝  010-56-29-73: