Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր` օգոստոսի  1-ին 27-ամյա Արեն Սարուխանյանին դատապարտել է  հինգուկես տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի, տեղեկացնում է «Առավոտը»:

Գործով մեղադրող Ս. Անտոնյանը պահանջել է Սարուխանյանին դատապարտել 6 տարի 8 ամիս ազատազրկման: Ա. Սարուխանյանը ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2011թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում մուտք է գործել Կողբի բնակչուհի, 1928թ. ծնված  Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկ,  միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, նրա  դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով  հարվածներ  հասցնելով` բռնաբարել է նրան:

Արփենիկ Անանյանի բռնաբարության համար Ա. Սարուխանյանը  2012թ. հունվարի 26-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից  դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման: Այդ ժամանակ հանրային պաշտպանի փաստաբանի ծառայություններից օգտված Ա. Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Հետագայում նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե իբր պաշտպանը իրեն  չի բացատրել արագացված դատավարության կարգը, ինքը բռնաբարության գործով մեղավոր չէ: Նրա վերաքննիչ բողոքը բավարարվել էր, նշանակվել էր  նոր դատաքննություն:

Օգոստոսի 1-ի դատաքննության ընթացքում եւս  Արեն Սարուխանյանին տրամադրվել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան: Սարուխանյանը դատավարությանն ընթացքում իրեն բռնաբարության մեջ  մեղավոր  չի ճանաչել: Սարուխանյանն ընդունել էր, որ գիշերով մտել է Արփենիկ Անանյանի տուն, սակայն` ոչ բռնաբարության համար,  այլ որ «իրեն վիզ փող էր պետք»: Ա. Սարուխանյանի մեղքը ապացուցվել է գործով նշանակված դատաբժշկական եւ այլ փորձաքննություններով, վկաների ցուցմունքներով, ուրիշ ապացույցներով:

Ի դեպ, Ա. Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաքում  նույնանման հանցանքի` ամուսնացած հարեւանուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 2009թ. նոյեմբերի 26-ին  դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նա համաներումով  2011թ. մայիսի 31-ին  ազատվել է պատժի հետագա կրումից: